..զսպաշապիկ


Երեք տեղից կապել` ոտքերդ, ձեռքերդ ու նաև բերանդ` մասամբ…դիմացիդ պատուհանը սպիտակ սավվանով ծածկված է, որ արևի լույսը չընկնի աչքերիդ, որ չտեսնես արևի լույս ու ինչ-որ թռչունի, որ թռչում է դեպի ապագա կամ վերադառնում է ապագայից դեպի կիսամութ պատուհաններ, որ դու էլ չթռչես, որովհետև հայտարարված գիժ ես…ինքնասպան լինելուդ հնարավորությունը գնահատվում է 70 տոկոս…որ դու էլ չթռչես մտքիցդ այն կողմ, որ ապագան նույնքան մշուշոտ լինի, որքան սավանից ներս թափանցող հնարավոր արևի լույսը..սենյակը ամբողջությամբ դատարկ է` սպիտակ, սառը պատերով, առաստաղին խոնավության հետքերն են` դժոխքից եկած նախշաձևերով, այդտեղ մնացածների անդարձելի հիշողություններով, որ գամվել են ոչ միայն նրանց հոգու, այլ նաև այդ սենյակի ողջ մթնոլորտում..ուրիշ ոչինչ չկա…ոչինչ` որ քեզ չվնասես…ոչինչ, բացի այդ հիշողություններից, որ պտտվում են այդ ահասարսուռ սենյակում…ու մեռնում ես ինքդ քո հետ ու այն հիշողությունների, որ թողել են մյուսները` զսպաշապիկով…սկզբում թպրտում ես, փորձում ես դուրս պրծնել, շնչուղիներդ փակվում են ու թպրտում ես թթվածնի պակասից մինչև չեն սրսկում թմրանյութը, որ չմեռնես ֆիզիկապես, այլ մեռնես հոգուդ ներսում` միայնակ, զսպաշապիկով` հայտարարված, փաստագրված գժի կարգավիճակով..պայքարում ես կյանքիդ համար, ապրելուդ իրավունքի համար.. հետո հասկանում ես, որ ուժերդ վեր են, որովհետև ամրությունը կոտրել է արդեն ամեն ինչ, իսկ փափկության համար տեղ չես թողել…ինքդ քո մեջ ես խորանում մի պահ զգալու համար այն, ինչ չեն զգում, չեն տեսնում, չեն լսում, այլ զգում են…ու զգայարաններիդ քանակը ավելացել է 7,8,9…ու զգում ես…ինչի ես արել, ում համար ու ինչի ես միայնակ խռխռում այս պատերի ներսում..հասկանում ես…շնչուղիներդ փակվում են, ձայնալարերդ անգամ քեզ չեն ենթարկվում, գոռում ես` միայն ոչ ոք չի լսում` միայն դու, միայնք ինքդ քո համար…ավելի լավ էր չզգայիր…ավելի լավ էր չլինեիր, ավելի լավ էր…խորանում ես ինքդ քո մեջ, մինչև հիստերիադ ու ցնցումներդ իրենք իրենց են սպառում են…սպառում են, որովհետև էլ ուժ չկա…իսկ երբ ուժ չկա, ելք չես գտնում, մանավանդ, որ ելքը հաջորդ պատն է` առանց մուտքի…ու բախվում ես էտ պատին, գլխով, ուղիղ, հենց այնպես ինչպես  անում են, երբ էլ ելք չկա, երբ կտրում են ձեռքը, որ ազատվեն  դաստակները բռնած օղակներից…ու մտքերը հոսում են, գոռում ես, որ քեզ չլսեն, որովհետ չեն էլ լսելու, որովհետև արդեն գիժ ես` հայտարարված ու դա ոչ մեկին բացի քեզանից չի հետաքրքրում…ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ դու էլ երբևէ մարդ ես եղել ու ուզում ես էլի լինել այնպիսին, ինչպիսին կայիր…որ գիժ չէիր, որ չկար վրեդ էտ պիտակը, որ հոսում էիր, սահում էիր, սիրում էիր ու չէին ասում` գժի պես ա սիրում, ասում էին` սիրում է` ուղղակի, առանց գժի պեսի, ուղղակի գոռում է ` առանց գժի պեսի ու առանց այդպիսի պես-երի` այդ անդուր կցորդության…մի ամբողջ կյանք ես դրել այդ ամենի մեջ, որ գիժ դառնաս, կյանք ես դրել, որ կապկպեն քեզ ու փակեն բոլոր ելումուտերը, փակեն օդերդ այնպես, ինչպես կանեին, եթե մարդասպան լինեիր…ու գոռում ես, որոհետև մարդասպանին այդպես չեն անում ու գոռում ես, որովհետև մարդասպան չես ու սիրում ես…ում` կարևոր չի…մարդկանց քեզ ինձ, թե մյուսներին…ու սիրում ես էս կյանքը, որովհետև սիրում ես…ու… ու սրա դատաստանը շատ շուտ է գալու ու սրա համար դեռ արյուն են հեղելու…որ ասեն գիժ էր ու իմանաս, թե ինչի համար են այդպես ասում, որ արդարացնես նրանց սպասումը ու իրացնես անարդարության ցասումը .. ամբողջ կյանքդ աչքերիդ առջևով անցնում է, ինչպես մահից առաջ, որովհետև հոգիդ է մահանում ու այն զգացումները, որոնց համար քեզ երբևէ կոչել են մարդ…այդ ընթացքը մաշկիդ վրա զգում ես, ինչպես սառույցը  կզգայիր քրտնած ժամանակ ու պայքարում ես…պայքարում ես` միայնակ ինքդ քո դեմ ու աշխարհի դեմ ու այն միակի դեմ ու այն մեկ բանի համար…գոռում ես …գոռում ես, որ քեզ ոչ ոք չլսի ..որ թմրանյութը բերեն ու մի պահ չմահանաս ֆիզիկապես…գրում ես վերջին տողերը` պտույտի ժամը ավարտվեց, հաջորդը `5 ժամ անց, եթե միայնությունից ու խելագարությունից չմահանաս, եթե հոգեխանգարմունքդ սրացված չգնահատեն…եթե ինքդ չհասկանաս, որ այլևս պայքարելն անիմաստ է..մինչև հաջորդ պտույտը

Advertisements

One comment on “..զսպաշապիկ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s