2012-Ը ԻՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ՜ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԷՐ


Նոր Տարին իմ ամենանախընտրելի տոնն է: Մի տեսակ ամբողջություն կա այդ արարողության մեջ, մի տեսակ միասնականության զգացում, մի տեսակ  մտածելու տոն է ու ոչ միայն տոնելու: Նոր տարվա գիշերն էլ  տարբեր է՝ խորհրդավոր՝ իր հրաշքների նախատրամադրվածությամբ ու սպասումով, ոգևորող, որովհետև այդ նույն ժամին միլիոնավոր մարդիկ նույն բանն են անում. իրար ցանկանում են երջանկություն, առողջություն, հաջողություններ՝ դրական էներգիայի մի հսկա ծավալ գնում է տիեզերք, իսկ էներգիան երբեք չի վերանում այն վերաձևավորվում է ինչ-որ այլ բանի գուցե, բայց վերադառնում է: Այդ գիշեր միաժամանակ ամենաուրախն է ու միաժամանակ ամենատխուրը.դե ուրախ է, որովհետև ընտանիքիդ հետ ես դիմավորում, նվերներ ես անում ու ստանում, նայում ես մորդ աչքերի մեջ, որ սպասումով լի է: Սպասումով, որ  այս տարին քեզ համար պետք է ավելի լավը լինի /միայն դա ամեն ինչ արժե/, հետո ընկերներիդ հետ ամբողջ գիշեր անցկացնում ես որևէ ակումբում կամ ռեստորանում կամ ինչ-որ մեկի բնակարանում՝ հավաքվում ու տժժում եք սիրած թռեքերի, նախընտրած երգերի ու մեծ քանակությամբ տարբեր ամենաթունդից մինչև ամենաթույլ խմիչքների ուղեկցությամբ: Պարում ես ինքնամոռաց ու մոռանում ես, որ կյանքը երգ ու պար չէ:

 

ԵՐԲ ՏԻԵԶԵՐՔԸ ՏԱՐՎԱ ԲԵՌՈՎ ԻՋՆՈՒՄ Է

Առավոտյան ժամը 10-ին, երբ ավարտվում է ամեն ինչ, դուրս ես գալիս ու զգում ես մաքուր սառը ձմեռային- տոնական օդը, կամաց-կամաց ետ ես գալիս ու սկսում ես մտածել այն մասին, թե ինչ չես արել, ինչես կորցրել, ինչը բացթողել, ում հետ ես վատ վարվել, ում լավը արել, չնայած արժանի չէր, ում հիասթափեցրել, ում ոգևորել ու ներշնչել, ում երջանկացրել, ում ցավ պատճառել, ումից ներողություն խնդրել և ում ծեծել, որովհետև ինքը քեզանից ներողություն չխնդրեց..ու կյանքդ հոսում է մեկ տարվա կտրվածքով..տհաճություններից մինչև հաճելի պահեր, բացթողումներից մինչև ձեռքբերումներ, անհաջողություններից մինչև այն պահերը, որ եթե թատրոն լիներ կգոռայիր ԲԻ՜՜՜Ս: Ու այս բազմազան ներկապնակի մեջ շատ թախիծ կա ու շատ հաղթանակներ: Հենց այդպես քայլում էի ու ամփոփեցի տարիս: Իմ կյանքի ամենաբաղձալի բանը միշտ եղել է ճամփորդելը: Այս տարի հասցրեցի լինել Ճապոնիա, Վիետնամ, Ռումինիա, Լիբանան, Թուրքմենստան, Ռուսաստան, Վրաստան:  Բազմաթիվ աննկարագրելի տպավորություններով:

 

ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑԱՌԻԿ ԱՐՄՆՅՈՒԶՈՒՄ, ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՎ

Աշխատանքում հասցրեցի նոր հաղորդաշար սկսել, հասցրեցի գործընկերներիս հետ ու շնորհիվ մի քիչ կայացնել Բրիֆինգ հաղորդումը: Այն նման է արդեն ոտքի կանգնած երեխայի, որ չոչը փոխարինել է մի քիչ անփույթ, ոչ հաստատուն քայլվածքով: Քանի որ կյանքիս մի մեծ մասը աշխատանքին է նվիրված, երբեմն էլ ամբողջը ապա մի մեծ մաս ես իրան կնվիրեմ տեքստում:  Հասցրեցի սերտել որոշ նրբություններ, անել այն ինչ սիրում եմ ու դա անել մի քիչ ավելի պրոֆեսիոնալ. Անկախ իմ աննախադեպ փոփոխական տրամադրություններից, ներքին պատերազմներից, անձնական դրամաներից ու աշխատանքային անհարամարություններից: Հիմնականում արեցի այն ինչ կարող էի, երբեմն այն, ինչ թվում էր, որ չեմ կարող, հաճախ ավելի պակաս քան կարող էի: Այս տարի ինձ հաջողվեց իմ մոդելավորած կյանքի մի մասը իրականացնել, ինձանից անկախ ու կարելի է ասել ինձանից անկապ: Այս տարի ես հասկացա, որ ես ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, չնայած տարվա ընթացքում հակառակում համոզվելու առիթներ թվում էր ավելի շատ էին ու սա այն բացթողումների շարքից է: Այն պրոֆեսիոնալիզմի պակասից, երբ անձնական դրամաներն ու ներքին պատերազմները մթագնում են պրոֆեիսոնալ աշխատանքի հմտությունները:  Փոքր ժաանակ երեք բան էի ուզում դառնալ՝ գրող, ճանապարհորդ ու երրորդը ուզում էի ամեն ինչի կենտրոնում լինել, իմանալ ինչ կա փակ դռների ետևում: Ես հասկացա, որ ես հիմա անում եմ այն, ինչի մասին ես երազում էի՝ գուցե մի փոքր այլ տրանսֆորմացիաներով, բայց անարդար կլինի ասել, որ այդ երեքը ես չեմ ստանում ու անում իմ աշխատանքի ընթացքում: Այս տարի ինձ բազմաթիվ հնարավորություններ տրվեցին, դրանց մեծ մասից օգտվեցի, մի մասը չհասկացա, երրորդը՝ օգտագործեցի ոչ նպատակային: Բայց կյանքում հաջողակ են նրանք, ում այդ հնարավորությունը տրվում է ու նրանք, ովքեր այն օգտագործում են: Առաջինը ամենակարևորն է, բայց առանց երկրորդի այն ոչինչ է: Ես փորձեցի օգտագործել ու տալ ու վերցնել այդ հնարավորությունից ինչքան կարող էի, երբեմն մինչև վերջին նյարդային բջիջների հաշվին, երբեմն՝ այո, ավելին էլ կարող էի: Բայց չի բացառվում, որ հենց այդտեղ է ճանապարհ անցնելու գաղտնիքը, գուցե հենց սխալվելն է այն հնարավորությունը, որից հետո դու մեխանիզատորից դառնում ես ստեղծագործող ու մտածող մարդ: Իհարկե, ամեն ինչ չստացվեց, իհարկե, ժուռնալիստի գործի ու մասնագիտության, իսկ իրականում՝ ապրելակերպի ու բնավորության, վայրիվերումները կարող են դառնալ ճակատագրական, բառը՝ անբեկանելի, խոսքը՝ որոշիչ: Բայց այն իր բնույթով հենց դրա համար էլ տարբեր է, տարբեր է, որովհետև այն ինչ դու կարող ես անել, քեզանից չեն կարող խլել, լավագույն դեպքում նմանակել , արտատպել, գաղափարը գողանալ, որը հաճախ կապկելու նման մի բան է դառնում: 2012-ը իմ մասնագիտական կյանքում բացառիկ հնարավորությունների, բացառիկ ձեռքբերումների ու բացառիկ անկումների տարի էր: Իսկ ինչպես գիտեք, ժուռնալիստիկայում բացառիկ ամեն ինչը ռեպորտաժից մինչև հարցազրույց ամենագնահատելին է:

 

ԻՆՁ ԿՆԱԽԱՆՁԵԻՆ ՌՈՄԵՈՆ ՈՒ ՋՈՒԼԻԵՏԸ

Անձնական…դե հենց դրա համար էլ անձնական է, որ չխոսես այդ մասին: Այս տարի ես ես վերջապես 4 տարի սպասելուց հետո իմ կողքին ունեցա այն մարդուն, ում սիրում էի 4 տարի: Ու կյանքը միշտ այդպիսին է, այն ինչ ունենում ես չես գնահատում. ես գնահատեցի, երբեմն թերագնահատեցի, երբեմն սխալ էի, երբեմն ճիշտ, երբեմն կոպիտ, երբեմն չափից ավելի մեղմ, երբեմն խաբեցի ինքս ինձ, երբեմն դիմացինիս, երբեմն էլ խաբվեցի: Համենայդեպս,նա, ով 3 տարի ինձ հետ էր տարին 3 ամիս, այս տարի 2012-ին, իմ կողքին էր տարին 12 ամիս, օրը 12 ժամ:Ու չեմ ափսոսում ոչ սպասումիս, ոչ տվածիս, ոչ վերցրածիս, ոչ չարածիս, ոչ էլ արածիս համար: Մի պարզ պատճառով ես երջանիկ եմ զգացել ու չգնահատել երջանկությունը նշանակում է դատապարտել քեզ այլևս երջանիկ չլինելուն:  Այս ամենի մեջ ինչ-որ ճակատագրական բան կար, ինչ-որ բան, որ ինձ ապացուցեց, որ իսկական սեր կա ու ես կարող եմ իսկապես սիրել: Սիրել վերջին անգամ..կամ գուցե ինչպես վերջին անգամ: Այս տարի իմ կյանքը այդ առումով կինոնկար չէր, որովհետև 3 տարի դա կինո էր, որի սցենարը դեռ գրելու եմ ու հանգուցալուծումը գրեմ հենց անցնող տարվա սցենարով:  Այն ինչ սկսվում է երկրային կյանքում, գուցե ավարտվում է երկրային կյանքում, բայց տիեզերքում այն շարունակվում է ու ես գիտեմ, որ տիեզերքում ինչ-որ մի տեղ այս պատմությունը իր տեղն ունի ու գուցե չի ավարտվել: Եվ Ռոմեոն ու Ջուլիետը հաստատ ինձ կնախանձեին:

 

ԱՆՈՒՇԱԴԻՐ, ԱՆՄԻՏ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏԱՄՈՒՆՔ

Ընկերներիս նկատմամաբ գուցե երբեմն անուշադիր եմ եղել, բայց միշտ պատրաստակամ, գուցե իրենք են իմ նկատմամբ անուշադիր եղել, բայց իրենք էլ միշտ պատրաստակամ, գուցե ընտանիքիս քիչ ժամանակ եմ հատկացրել, գուցե երբեմն չեմ գնահատել, այն ինչ խորհուրդ են տվել, գուցե երբեմն մեծամիտ եմ եղել, երբեմն մանկակական իքնապաշտամունքս տեղի է տվել, գուցե…բայց այս տարի արել եմ այն, ինչ մյուս տարիներին ուզում էի անել, բայց չէի կարող…

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ՃԻԳԸ՝ ԻՆՉՊԵՍ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Գուցե շատ բան կա դեռ գրելու, որպեսզի ամփոփվի տարին ու դառնա անցյալ, որը պետք է շարունակվի ներկայում, գուցե շատ բան բաց թողեցի, շատ բան չարեցի, շատ բան չզգացի, շատ բան անուշադրության մատնեցի ու մինչև վերջ չեղա այն ու այնպիսին, ինչպիսին պետք էր, բայց կյանքում գնահատվում է հենց այդ ճիգը, փորձը լինել ավելին ու անել ավելին, օգտագործել հնարավորությունը ու բաց չթողնել չհաջողելու մեջ թերացումը տեսնելու, չստացվելու մեջ նոր ելքի փնտրման  կարողությունը:  Եվ որքան էլ ծեծված, նույնքան պարզ ու հանճարեղ է շնորհակալություն հայտնել ու ներողություն խնդրել անցնող տարուն, անցնող տարվա մարդկանց, այն ամենի համար ինչ եղել է: Չէ որ չես ջնջի քո կյանքից ոչ վատը, ոչ էլ լավը, ինչպես տիեզերքից այն, ինչ գուցե ավարտվել է երկրային կյանքում:Ու երկրային կյանքում, ինչպես տիեզերքում, եթե մի բան վերջանում է, ապա այն ավետում է մի նոր բանի սկիզբ: Այն ինչ կշարունակվի ու այն ինչ դեռ նոր  է սկսվելու պետք է ընդունել հենց ադպես բաց սրտով ու նվիրվածությամբ, հավեսով ու ու առանց ընկրկելու, պայքարով ու առանց նահանջի, սիրելով ու կրքոտ սիրելով, առանց ափսոսանքի ու զղջումների՝ ոչ արածի, ոչ էլ չարածի համար:  Չէ որ դա է կյանքը ..այն ճիգը, որ գործադրում ես ամեն օր, ամեն ոլորտում,  որպեսզի  ապրես ու ստեղծես, սիրես ու ատես, զգաս ու անզգայանաս, հաղթես ու պարտվես, երջանիկ լինես ու թախծես.. ու ամեն օր  ինչպես վերջին անգամ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s